Իրազեկում ։ Անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգեր դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չեն լինելու

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է հարկ վճարողներին, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետևանքով 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգ։

Նոր համակարգի հնարավորություններ

Նոր համակարգը կատարելու է մի շարք փոփոխություններ, որոնք նպատակ ունեն պարզեցնել և համակարգել հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։ Արդյունքում՝ գործող մեկ անձնական հաշվի քարտի փոխարեն ներդրվելու են երկու տարբեր քարտեր՝ մեկը՝ հարկատեսակների պարտավորությունների, մյուսը՝ վարչական ակտերի համար։

2025 թվականից վարչական ակտով առաջացած պարտավորությունները պետք է վճարվեն 900008000771 համարը, իսկ հաշվարկային պարտավորությունների համար՝ 900008000490 համարը։

Հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել հարկատեսակների պարտավորությունների վճարման առաջնահերթությունը՝ մինչև տվյալ հարկատեսակի վճարման վերջնաժամկետը։

Փոփոխություններ հարկային պարտավորությունների հաշվառման մեջ

Հարկային պարտավորությունների ճշտումները հաշվառվելու են դելտայով՝ ճշտված և նախորդ հաշվարկի տարբերության չափով։ Ներկայում՝ այս պարտավորությունները վերահաշվարկվում են ամբողջ ճշտված ժամանակահատվածի համար։

2025 թվականից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման ԱԱՀ հաշվանցումը կկատարվի ներմուծման ամսվա ընթացքում, եթե համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն ու ԱԱՀ գումարները վճարվեն ներմուծման ամսում։ Ներկայում հաշվանցումը կատարվում է՝ ներմուծման ամսից հետո հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

Հարկ վճարողներին տեղեկացում

Նոր համակարգի ներդրման հետ կապված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում չեն աշխատելու ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը և տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարությունների ներկայացման հնարավորությունը։

Նույն ժամանակահատվածում Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը հասանելի չի լինի 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը, ուստի այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումը։

Միաժամանակ, Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման e-invoicing և ՀԴՄ համակարգերը կդիտարկվեն անխափան։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և վստահ է, որ դրանք կլինեն նվազագույն, քանի որ նշված համակարգերը անհասանելի կլինեն տոնական օրերին։

Աղբյուր՝ https://www.src.am/am/getNews/786