Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

Սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգեր՝ սկսած 2025-ի մայիսի 1-ից

2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության նոր որոշումը (30.04.2025թ․, թիվ 510-Ն), որը փոփոխություններ է մտցրել սոցիալական ծախսերի փոխհատուցման գործընթացում։ Կիրառվող հիմնական փոփոխությունները հետևյալն են․

2024թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում կատարված ծախսեր կարող են փոխհատուցվել, եթե դրանք վճարվել են այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով։ Այս դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հաստատող փաստաթղթեր, ինչպես օրինակ՝ վճարումն ապացուցող փաստաթուղթ, փոխանցման հանձնարարական կամ ֆիզիկական անձի հաստատում։

2025թ. հունիսի 1-ից հետո կատարված ծախսերը կփոխհատուցվեն միայն այն դեպքում, եթե դրանք ուղղակիորեն վճարվել են հենց հայտարարատուի կողմից։ Բացառություններ են՝

  • Դասագրքերի վարձակալության ծախսերը (այստեղ վճարողի ինքնությունը նշանակություն չունի),

  • Գործատուի կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթները, եթե այդ ծախսերը հետագայում փոխհատուցվել են աշխատողի կողմից։

Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մատուցած կրթական ծառայությունների համար կարող են հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել հենց այդ կազմակերպությունները՝ համայնքի անունից։

Առողջության ապահովագրության դեպքում, եթե գործատուն է ապահովադիրն ու ծախսերը փոխհատուցել է աշխատողից, ապա այդ աշխատողը կարող է ստանալ սոցիալական փոխհատուցում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Այս դեպքում հաշվարկային փաստաթղթում որպես ծախս կատարող նշվում է աշխատողը։

Առողջության ապահովագրության գծով փոխհատուցման իրավունք ունեն նաև այն առողջապահական կազմակերպությունների աշխատողները, որոնք ընդգրկված են պետության երաշխավորված բժշկական օգնության շրջանակում, բայց միայն այն ծախսերի համար, որոնք կատարվել են իրենց ոչ սոցիալական փաթեթի շահառու ընտանիքի անդամների համար։ Իսկ ատամնաբուժական ծառայությունների դեպքում՝ կարող են փոխհատուցվել նաև աշխատողի սեփական ծախսերը։

մանրամասները՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=206424